Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քրիստոնեական շնորհ, սեր և խաղաղություն

Քրիստոնեական շնորհ, սեր և խաղաղություն
23.09.2008 | 00:00

ՎԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄ
Շաբաթ օրը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր տաճարում պատարագ է մատուցվել Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` պատարագիչ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն իր քարոզում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու կյանքում Վազգեն Առաջին վեհափառի բացառիկ դերակատարությանը, որը խորհրդային անաստվածության տարիներին ոչ միայն կարողացավ դիմագրավել բոլոր փորձություններին ու դժվարություններին, այլև շենացրեց ու պայծառացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, կարողացավ ջերմ հարաբերություններ հաստատել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ և արժևորել հայ եկեղեցու դերը: Պատարագից հետո Վազգեն Առաջին կաթողիկոսի շիրմի մոտ Վեհափառը նաև հոգեհանգստի պաշտոն է կատարել, ինչին մասնակցել են բազում հավատացյալներ:
Ի դեպ, Հայրապետն իր հոտի հետ է եղել նաև սեպտեմբեր 21-ին և ՀՀ Անկախության տոնի առիթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում Սուրբ պատարագն է հանդիսապետել: Ընթացքին նաև հայրապետական ուղերձ է հղվել ներկաներին և բոլոր հավատացյալներին, որում մասնավորապես ասվել է. «Հայ եկեղեցին մշտապես աղոթող է եղել հայոց պետականության համար: Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ, հայրենական ավանդների ու հիշատակների ուսուցմամբ հայոց եկեղեցին խնամել ու սնուցել է ազատության սերն իր զավակների սրտերում: Ջանացել է ապահով ուղիներով առաջնորդել ժողովրդին, պահպանել և հոգալ նրա անվտանգությունը պետականության բացակայության դժվարին ժամանակներում` միշտ աղոթելով, որ Աստված մեր ժողովրդին ազատ կյանք տա, անկախություն պարգևի և պետականություն շնորհի… Ի գին պայքարի ենք ձեռք բերել մեր 17-ամյա անկախությունն ու ազատությունը… ՈՒստի այսօր վերարժևորելով մեր ժողովրդի մաքառումներն ու զոհաբերությունները` պիտի նույն միահամուռ ջանքերով նախանձախնդիր լինենք հայրենի պետության ապահովության առաջընթացի համար»,- ուղերձում նշել է Գարեգին 2-րդը` ամենքին շնորհավորելով բարձրագույն տոնի առիթով և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերն ու խաղաղությունը մաղթելով հայաստանյան և ի սփյուռս աշխարհի հավատացյալներին:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, ՀՀ վարչապետը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան անձինք, դիվանագետներ, Մայր Աթոռի միաբաններ:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4894

Մեկնաբանություններ